Դեսպան Վարդանյանը հանդիպեց Վիետնամի ԱԳ նախարար Բինհ Մինհին
14 հուլիսի, 2014Հուլիսի 14-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պհամ Բինհ Մինհի հետ:
Ողջունելով ՀՀ դեսպանին, Վիետնամի փոխվարչապետը ևս մեկ անգամ իր երկրի գոհունակությունը հայտնեց Հանոյում դեսպանություն բացելու ՀՀ ղեկավարության որոշման կապակցությամբ և ընդգծեց, որ այժմ Հայաստանն ու Վիետնամը հնարավորություն ունեն և պատրաստակամ են զարգացնել երկու պետությունների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:
Փոխվարչապետը շեշտեց, որ Վիետնամի ժողովուրդը երախտիքով է հիշում իրենց երկրի անկախության ձեռքբերման և երկրի կայացման գործում նաև հայ ժողովրդի ցուցաբերած աջակցությունն ու դերակատարությունը, և որ Վիետնամի ղեկավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ավանդական բարեկամական երկրների հետ հարաբերություններին:
Անդրադառնալով 2012թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիետնամ կատարած այցին և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին` փոխվարչապետն ընդգծեց դրանց իրականացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակվեցին համագործակցության սերտացման ուղիների շուրջ: Կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ` դեսպան Վարդանյանը հայտնեց վիետնամցի ուսանողների համար ՀՀ բուհերում ուսանելու հնարավորություն ընձեռելու՝ ՀՀ կրթության նախարարության պատրաստակամության մասին:
Վիետնամի ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց հայկական կողմի առաջարկի համար՝ նշելով, որ Հայաստանում կրթություն և բարձր որակավորում ստացած բազմաթիվ վիետնամցիներ այսօր էլ կարևոր պաշտոններ են զբաղեցնում երկրի կառավարման և տնտեսության տարբեր ոլորտներում: