ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն
11 հուլիսի, 2014Հուլիսի 7-11-ը Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի հրավերով աշխատանքային այցով Լոնդոնում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Լևոն Դոխոլյանը:
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցելությունը պատասխանն էր Բրիտանական խմբի պատվիրակության՝ ս.թ. փետրվարի 17-21-ը Հայաստան կատարած այցին:
Լոնդոնում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպեց Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլին, Լորդերի պալատում ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Լորդ Ուոլեսին, Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի, ԵԽԽՎ-ում ՄԹ պատվիրակության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Այցի ընթացքում բրիտանական խորհրդարանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որը նախագահում էր Մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահ, պահպանողական կուսակցությունից պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը:
Քննարկմանը մասնակցող Համայնքների և Լորդերի պալատների անդամները հանարավորություն ունեցան հայ խորհրդարանականներին հարցեր ուղղելու, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Եվրասիական միությանը անդամակցության գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև Ուրկրաինայում ընթացող զարգացումներին:
Պատվիրակությունը հանդիպեց նաև Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հետ՝ վերջինիս տարեկան ժողովի ամփոփումից հետո: Խմբի անդամ բարոնուհի Քոքսը, ողջունելով ԱԺ պատգամավորներին, ներկայացրեց բարեկամական խմբի նոր նախագահ Ջոն Ուիթինգդեյլին:
Հանդիպմանը հույս հայտնվեց, որ նորընտիր խմբի ու ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բերեկամության խմբի համատեղ ջանքերով կակտիվացվի ու կխորացվի միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում պատրաստակամություն հայտնվեց` ներդնել բոլոր ջանքերը՝ քաջալերելու երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացումը:
Պատվիրակության պատվին ընդունելություն կազմակերպեց Լոնդոնում ՀՀ դեսպանությունը, որին հրավիրված էին բրիտանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, բրիտանացի խորհրդարանականներ և Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ:
Ողջունելով ներկաներին՝ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շնորհավորեց Բարոնուհի Քոքսին, ով ընտրվել է Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ցկյանս պատվո նախագահ, և Հայաստանի ու բրիտանահայ համայնքի անունից երախտագիտություն հայտնեց նրան` հայ-բրիտանական բարեկամության ամրապնդման, Արցախի խնդիրը ՄԹ-ում հանրայնացման ու Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: Խորհրդարանական պատվիրակության անունից շնորհակալական խոսք ասաց Թևան Պողոսյանը:
Հայ խորհրդարանականները նաև ճանաչողական այցելություն կատարեցին Օքսֆորդ, որտեղ նրանց հյուրընկալեց Ռեդինգի ընտրատարածքից Համայնքների պալատի պատգամավոր ընտրված Անոկ Շարման:
Պատվիրակությունը այցելեց նաև Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոն, որտեղ հանդիպեց ամբիոնի վարիչ հայագետ Թեո վան Լինթին: