Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» միջոցառմանը
15 հունիսի, 2014Հունիսի 13-15-ը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջին անգամ մասնակցեց ամենամյա «Հյուպատոսական տոնակատարություններ» միջոցառմանը:
70-ից ավելի երկրների հյուպատոսությունների հետ մեկտեղ, 2014թ. Հայաստանը ներկայացնող տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ լիոնցիների, օտարերկրյա հուպատոսների և զբոսաշրջիկների:
Հունիսի 13-ին «Հյուպատոսական տոնակատարությունների» բացման արարողության ելույթում Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը ողջունեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, այնուհետև այցելեց հայկական տաղավար:
Նույն օրը` երեկոյան, «Հյուպատոսական տոնակատարությունների» շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետի կողմից տրվեց ընթրիք Լիոնի քաղաքապետարանում, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Վաներ Հարությունյանը:
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների համատեղ ջանքերով կազմակերպված հայկական տաղավարում հունիսի 14-15-ը շարունակվեցին հայկական մշակույթի, զբոսարջության, գրականության, գրքերի, հայկական խորհրդանիշերի ներկայացումը:
Երեք օր տևած միջոցառման ընթացքում հայկական տաղավարում այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի բնապատկերներով և տեսարժան վայրերով լուսանկարչական ցուցահանդես: Լիոնի կենտրոնական Բելքուղ հրապարակում հայկական ժողովրդական պարերով ելույթ ունեցավ «Նաիրի» պարային համույթը: