Դեսպան Վարդանյանը հանդիպեց Ֆիլիպինների կրթության նախարարին

10 հունիսի, 2014

Հունիսի 10-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Ֆիլիպինների կրթության նախարար Արմին Լուիստրոյին:

Նախարար Լուիստրոն, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, ընդգծեց դեսպանության հետևողական աշխատանքի կարևորությունը հայ-ֆիլիպինյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` խոստանալով հնարավորինս նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի խթանմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր` կապված երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում հարաբերությունների ընդլայնման հետ: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջև կազմակերպել ուսանողների փոխանակման ծրագրեր:

Դեսպան Վարդանյանն առաջարկեց ապագայում կազմակերպել փորձագետների, դասախոսների և գիտական կադրերի փոխանակման ծրագրեր բնական գիտությունների, երաժշտության, ճարտարապետության և այլ ոլորտներում:

Երկուստեք կարևորվեց կրթության ոլորտում համագործակցությունը ԱՍԵԱՆ միջազային կազմակերպության շրջանակներում: Նախարարը հայտնեց, որ ԱՍԵԱՆ համալսարանների ցանցը, որը համագործակցում է տարբեր երկրների ԲՈւՀ-երի հետ, միշտ պատրաստ է նորանոր կապերի հաստատմանը, այդ թվում նաև ՀՀ ԲՈւՀ-երի հետ:

Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին մշակել երկու երկրների կրթության նախարարությունների միջև փոխըմռնման հուշագիր, որը հետագայում հիմք կհանդիսանա վերոհիշյալ ծրագրերի իրականացման համար: 

Տպել էջը