ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

10 հունիսի, 2014

Հունիսի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:

Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը:

Դեսպան Մնացականյանը և Բան Կի-մունը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այդ համատեքստում ընդգծվեց հիմնահարցի խաղաղ կարգավորման անհարժեշտությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձևաչափի անփոխարինելիությունը:

Զրույցի ավարտին դեսպան Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի վճռականությունը` շարունակելու կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում և իր նպաստը բերելու միջազգային խաղաղությանն ու զարգացմանը, ինչպես նաև միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրների լուծմանը:

Տպել էջը