Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում
15 մայիսի, 2014Հյուսիսային Ուելսի Գվինեդ շրջանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն:
Գվինեդի շրջանային խորհրդի շենքում տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գվինեդ շրջանի խորհրդի նախագահ Դեվի Օուենը, ինչպես նաև ընթերցվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը: Այնուհետև Հայ Առաքելական Եկեղեցու՝ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թոմասը հայերենով և վալլիերենով կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն:
2004թ. Գվինեդի խորհուրդը միաձայն քվեարկել էր Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ուելսի հայ համայնքի ջանքերով համաձայնություն էր ձեռք բերվել հուշատախտակ տեղադրել` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:
Նույն օրը Լոնդոնի հեղինակավոր «Purcell Hall» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Գարնանային հիշատակի համերգը», որի ընթացքում կատարվեցին հայտնի հայ երգահաններ Կոմիտասի, Կանաչյանի, Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները: