Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն Աթենքում

14 մայիսի, 2014

Մայիսի 14-ին Աթենքի Ռազմական թանգարանի սրահում անցկացվեց միջոցառում` կազմակերպված Հունաստանում ՀՀ դեսպանության, Հունաստանի ՌԱԿ Շրջանային վարչության և ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կողմից: Երեկոյի գլխավոր բանախոսն էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, որը ներկայացրեց «Ավրորա Մարտիկանյանի ոդիսականը» խորագրով դասախոսությունը: Միջոցառմանը ներկա էին հոգևոր հայրեր, հունահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մեծ թվով հայեր:

Երեկոն նախագահում էր «Ազատ օր» օրաթերթի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր ելույթում անդրադարձավ թանգարան-ինստիտուտի առաքելությանը, ներկայացրեց տնօրենի գործունեությունը: Դեսպանն իր խոսքում կարևորեց յուրաքանչյուր հայի մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպմանը, ինչը «միասնականության և հաստատակամության ուղերձ պիտի լինի համայն աշխարհին»:

Հայկ Դեմոյանի դասախոսությունն ուղեկցվեց բազմաբնույթ փաստագրական և տեսաձայնային նյութերի ցուցադրությամբ: Նա հանգամանալից ներկայացրեց նյութի ընտրության դրդապատճառները` նկատելով, որ այս պատմությունը լավագույնս արտացոլում և խտացնում է իր մեջ Հայոց ցեղասպանության ողջ համայնապատկերը` իբրև «Հայոց ցեղասպանության կարևոր կենդանի հուշարձան»: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ավրորա Մարտիկանյանի պատմությանը և անցած ուղուն` Չմշկածագից մինչև Հոլիվուդ, որտեղ նա 1918թ. հանդես եկավ իր իսկ հուշերը ներկայացնող «Հոշոտված Հայաստան» գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմում, որն իր տեսակի մեջ եզակի, Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմն էր: Պարոն Դեմոյանը ներկայացրեց և ցուցադրեց հերոսուհու, նրա գրքի և ֆիլմի միջազգային ճանաչման ու հաջողության մասին վկայող բազմաթիվ տեղեկություններ և փաստեր: Բանախոսության ավարտին հետևեց բնօրինակ ֆիլմից պահպանված հատվածի ցուցադրությունը:

Տպել էջը