Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ
09 մայիսի, 2014Բուխարեստ
Մայիսի 8-ին Բուխարեստում` Խորհրդային զինվորների հուշահամալիրում, որտեղ բարձրացված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ռումինիայի դրոշները, տեղի ունեցավ Հաղթանակի օրվա 69-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն: Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:
Միջոցառման մասնակիցների թվում էին Բուխարեստում հավատարմագրված դիվանագետներ, Ռումինիայի քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Նույն երեկոյան դեսպան Գասպարյանը մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, որ կազմակերպվել էր Ռումինիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության կողմից, իսկ այնուհետև դեսպանը ներկա եղավ նույն առիթով Ռումինիայի նախագահական «Կոտրոչեն» պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Բաթում
Մայիսի 8-11-ը Բաթումում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Աջարիայի հոգևոր առաջնորդի և հայ համայնքային կառույցների համատեղ ջանքերով:
Մայիսի 8-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի հետ միասին այցելեցին Հայրենական Մեծ Պատերազմի բաթումահայ վետերաններին` հուշանվերներ և գեորգիևյան ժապավեններ բաժանելով նրանց: Նույն օրը Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացավ ժամերգություն` Շուշիի ազատագրման և Արցախյան հերոսամարտի հերոսների պատվին: Ժամերգությանը մասնակցում էին դիվանագետներ, բաթումահայեր, լրագրողներ: Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը կարևորեց Արցախյան հերոսամարտում տարած փառապանծ հաղթանակի և Շուշիի ազատագրման վիթխարի դերը հայոց նորագույն պատմության մեջ, կոչ արեց հարգել նաև ժամանակակից, այդ թվում նաև եղբայրական Վրաստանի տարածքում տեղի ունեցած պատերազմներում զոհվածների հիշատակը:
Վիեննա
Մայիսի 9-ին Վիեննայում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ մասնակցեց Վիեննայում անցկացվող` 2-րդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակին նվիրված միջոցառումներին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Ավստրիայում հավատարմագրված ԱՊՀ մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին Վիեննայի Կենտրոնական գերեզմանատանը տեղակայված խորհրդային բանակի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև Վիեննայի կենտրոնում վեր խոյացող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին:
Մայիսի 11-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Կիրակոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ավստրահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցեցին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 69-ամյակին նվիրված միջոցառումներին: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների կողմից հուշահամալիրի տարածքում տեղադրված հուշատախտակներին: Ծաղկեպսակ դրվեց նաև համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եվրոպական ազգերի ռազմագերիների Համալիրի կենտրոնական հուշակոթողին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի դեսպանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հայ ռազմագերիներին նվիրված հուշատախտակին:
Ներկաներն այցելեցին նորաբաց թանգարանային սրահ և Անվանասրահ, ուր հավերժացված են նաև հայ ռազմագերիների անունները՝ նաև հայերեն լեզվով:
Լոս Անջելես
ԱՄՆ արևմտյան ափում Հաղթանակի ու խաղաղության տոնն առաջին անգամ նշվեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի շենքում: Երեկոն համատեղ կազմակերպել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի գրասենյակի, Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ արևմտյան ափի գրասենյակի և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հետ համատեղ: Երեկոյին մասնակցեցին համայնքային հոգևոր, քաղաքական, հասարակական ու մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Տոնական հավաքին մասնակցեցին նաև Արցախյան ազատամարտի մասնակիցներ:
Արցախյան ազատամարտի վավերագրող, լրագրող Ցվետանա Պասկալևան, իր ելույթում խոսեց Արցախյան պատերազմի դժվար տարիների և Շուշիի ազատագրման մասին: Ցուցադրվեց նաև Ցվետանա Պասկալևայի հեղինակային վավերագրական ֆիլմն Արցախյան պատերազմի մասին, ինչպես նաև` հատվածներ «Արցախն այսօր» ֆիլմից:
«Մայիսի 9-ն ինձ համար հաղթանակի ու ողբերգության, ուրախ ու ցավոտ հիշողությունների օր է: Ես գիտեմ` ինչ կորուստների գնով է Արցախի ժողովուրդը նվաճել հաղթանակը, և որքան անհավանական էր հասնել բարձունքի գրավմանը:
Շուշիի ազատագրման օրը արցախցիներն առաջին անգամ հավատացին իրենց ուժերին: Այդ հաղթանակն ապացուցեց, որ անհնար բան չկա, պարզապես պետք է հույս, ոգի ու հաղթելու ցանկություն», - ասաց Ցվետանա Պասկալևան:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն իր ելույթում շնորհավորեց հյուրերին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: Նա փաստեց, որ այս տարի մայիսյան եռատոնի ուրախությանն ավելացավ ևս մեկ առիթ` Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում Արցախի Հանրապետության ճանաչումը: «Շուշիի ազատագրումը հսկայական ազդեցություն ունեցավ ազատագրական պայքարի վրա` ագրեսորին ցույց տալով, թե ինչ ձեռքբերումների և անհավանական հաղթանակների կարող է հանգեցնել միասնականությունը», - իր ելույթում նշեց ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Մոսկվա
Մայիսի 12-ին Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայի «Ալեքսանդրովսի» զբասայգում Հաղթանակի օրվա` մայիսի 9-ի առթիվ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, հայազգի մշակույթի և հասարակական ոլորտի անվանի ներկայացուցիչներ: