Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում

27 ապրիլի, 2014

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ` Կոնգրեսում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյին ելույթներով հանդես եկան մարդու իրավունքների թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքօլուն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի համանախագահները, ինչպես նաև Կոնգրեսի և Սենատի երկու տասնյակից ավելի անդամներ: ԱՄՆ օրենսդիրները իրենց ելույթներում դատապարտեցին Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ոճրագործությունը և թուրքական կառավարության կողմից որդերգրված ժխտողականության քաղաքականությունը և միաժամանակ զուգահեռներ անցկացրին վերջին շրջանում Սիրիայի հայկական Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրադարձավ թուրքական լոբբիի կողմից իրականացվող հակահայկական գործողություններին: Դեսպան Մարգարյանը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս ապագա աղետների կանխարգելման գործում:

Ապրիլի 24-ին Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը:

Հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծեց, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի ժխտողականության և լռության պատը: Նա նաև կարևորեց Ամերիկայի Հրեական Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստը:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիներում մատուցվեց պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Տպել էջը