Հայոց ցեղասպանության 99-րդտարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

24 ապրիլի, 2014

Ապրիլի 23-ին Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի համերգ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկոյին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ:

Համերգից առաջ ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով 1915 թվականի Ցեղասպանությանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը եւ շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Ելույթով հանդես եկան նաև Ուղղափառ հոգևոր ակադեմիայի հոգևոր հայր Ալեքսանդրը և Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Մարկովը, ով կարդաց Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղերձը հայ ժողովրդին:

Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:

Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված պատարագ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու կողմից:

Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով և մեծ մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վարվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին:

Մոմավառությունից հետո տեղի ունեցավ հանրահավաք: Հանրահավաքին ելույթով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Սարգիս Չոփուրյանը և ռուսաստանցի քաղաքական գործիչներ:

Այնուհետև Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Նևսկի պողոտայից երթով ուղևորվեցին դեպի Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միություն, որտեղ տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացում:

Հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաև ՌԴ ք. Կալինինգրադում, Կարելիայի Հանրապետությունում, ք. Արխանգելսկում, ք. Պսկովում, և Վոլոգդայի մարզում:

Տպել էջը