Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մեքսիկայում
24 ապրիլի, 2014Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի տարելիցը: Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ երկրի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ մոմավառություն, որին իր մասնակցությունը բերեց մեքսիկահայ համայնքը, մեքսիկացի մտավորականները, լրագրողները, երկրի ուղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:
Արարողության ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց Մեխիկո քաղաքին 1915-ը վերապրած փախստականների նվիրատվություն հանդիսացող ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Մոմավառության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերը ներկայացնող հայ երաժեշտներից կազմված նվագախմբի կատարմամբ: