Դեսպան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Մալոստրանսկա ակադեմիայում

25 մարտի, 2014

Մարտի 25-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Յարոմիր Շտետինան Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսություն կարդացին Պրահայի Յան Ներուդայի գիմնազիումի Մալոստրանսկի ակադեմիայի Քաղաքական աշխարհագրության բաժնի ուսանողների և հրավիրյալ վերլուծաբանների համար:

Ձեռնարկի սկզբում ակադեմիայի ունկնդիր, ծագումով արցախցի Անդրեյ Մարտիրոսյանը վիզուալ փաստեր ցուցադրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Այնուհետև դեսպան Սեյրանյանը ներկայացրեց Արցախի պատմությունը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչև վերջին զարգացումները, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա գործընթացը: Դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Արցախի հիմնահարցի նկատմամբ Չեխիայի հավասարակշված դիրքորոշմանը` շեշտելով, որ այն ձևավորվում և պահպանվում է նաև սենատոր Շտետինայի և այլ քաղաքական գործիչների արդար ջանքերի շնորհիվ:

Չեխիայի խորհրդարանի անդամը, որպես ղարաբաղյան պատերազմի ականատես, միջոցառման մասնակիցներին ներկայացրեց սեփական տպավորություններն ու հուշերը: Զինված հակամարտության տարիներին որպես լրագրող նա բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Սենատորը պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել բնաջնջել Արցախի հայկական ազգաբնակչությունը, որն իր անկոտրուն կամքի և խիզախության շնորհիվ կարողացավ ազատագրել իր պատմական տարածքները:

Ձեռնարկի ավարտին դեսպանը և սենատորը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Տպել էջը