ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Հունաստանում
27 հունվարի, 2014Հունվարի 27-ին Աթենքի՝ «Զինված ուժերի սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվեց Բանակի օրվան նվիրված միջոցառում: Ներկա գտնվեցին շուրջ 300 հյուրեր, որոնց թվում էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալները, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Հունական խորհրդարանի պատգամավորներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայկական, հունական և օտար ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:
Միջոցառումն սկսվեց ազգային հիմների կատարումներով՝ ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի, ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր բարեկամության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն «Ռազմական համագործակցության համար» մեդալի արժանացած Ազգային պաշտպանության ԳՇ պետը: Գեներալ Կոստարակոսը շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների՝ ընդգծելով, որ պատիվ է Հունաստանում ունենալ գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտներ ու սպաներ:
Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 5 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` Միջազգային հարաբերությունների, Ռազմական տեղեկատվության, Հատուկ նշանակության զորքերի և այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով:
Միաժամանակ Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: