Դեսպան Մելքոնյանի հանդիպումները Եթովպիայում

27 դեկտեմբերի, 2013

Եթովպիայում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը Ադիս Աբեբայում հանդիպումներ ունեցավ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի, խոսնակ Աբադուլա Գեմեդայի և արտաքին գործերի պետական նախարար Բերհան Գեբրե–Քրիստոսի հետ:

ՀՀ դեսպանը Աբադուլլա Գեմեդային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, իսկ Բերհան Գեբրե–Քրիստոսին` Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմին հասցեագրված ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձները։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն սկզբնավորելու հնարավորությունները։ Այդ առումով կարևորվեց տարբեր մակարդակներում պաշտոնական և հումանիտար շփումների ակտիվացումը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, միջխորհրդարանական կապերի ստեղծումը, միջպետական հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային դաշտի ձևավորումը և այլն։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դեսպան Մելքոնյանն այցելեց նաև Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք, Ն.Ս. Աբուն Մատթեոսին, ում հետ զրույց ծավալվեց հայ-եթովպական պատմա–մշակութային և հոգևոր սերտ առնչությունների, ինչպես նաև ներկա ժամանակաշրջանում դրանց նոր շունչ հաղորդելու ուղիների շուրջ։ Երկուստեք արժեվորվեց Եթովպիայի մշակութային և հասարակական կյանքում դարեր ի վեր հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրումը: Պատրիարքն իր բարեմաղթանքները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բարեկամ հայ ժողովրդին։
 

Տպել էջը