Վարչապետ Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

26 դեկտեմբերի, 2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ այսօր եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013 թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ:

Դասախոսության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին, ՄՄ-ին ՀՀ անդամակցության և Եվրասիական տնտեսական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, այնպես էլ ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ տարածքային համաչափ զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և այլն:

ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար, ինչը թույլ տվեց դասախոսության ու հարցուպատասխանի միջոցով ապագա դիվանագետներին հանգամանալից ներկայացնել մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականության ուղղություններն ու հեռանկարները:

Տպել էջը