Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի հետ
12 դեկտեմբերի, 2013Դեկտեմբորի 12-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Յան Համաչեկի հետ:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց չեխ խորհրդարանականին պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց խորհրդարան հրավիրելու համար: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ փաստեցին միջխորհրդարանական կապերի զարգացման վերընթաց դինամիկան, հատկապես ՀՀ Ազգային ժողովի և Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի մակարդակով:
Պարոն Համաչեկը հանձն առավ պատգամավորների պալատի մակարդակով ևս խորացնել գործակցությունը, նաև բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նա տեղեկացրեց, որ շուտով պատգամավորների նորըտիր պալատում կձևավորվեն միջխորհրդարանական բարեկամության խմբերը, առաջիններից մեկը՝ Հայաստանի հետ:
Այնուհետև կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-ԵՄ, հայ-չեխական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև պալատի նախորդ կազմի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշը, որը նոր կազմում ընտրվել է բնապահպանության կոմիտեի նախագահ և միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ: Վերջինս հաջորդ շաբաթվա ընթացքում պատրաստվում է ստանձնել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարությունը: