Դեսպան Սահակյանի հանդիպումը ՂՀ Խորհրդարանի Սենատի նախագահի հետ

06 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը հանդիպում ունեցավ ՂՀ Խորհրդարանի Սենատի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաեւի հետ:

Սենատի խոսնակը ողջունեց Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ նրան արդյունավետ աշխատանք մաղթեց:

Կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ արձանագրելով նաեւ հայ եւ ղազախստանցի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջազգային, մասնավորապես՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների ձեւաչափերում: ՀՀ դեսպանը ընդգծեց երկու երկրների ղեկավարության ցանկությունը՝ երկկողմ համագործակցության օրակարգը հագեցնելու եւ իրավապայմանագրային լայն հիմքեր ձեւավորելու ուղղությամբ:

Անդրադարձ կատարվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին: Կ-Ժ.Տոկաեւը դրական գնահատեց ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ խոստանալով Ղազախստանի օրենսդիր մարմնի աջակցությունն անդամակցման համար հարկավոր ընթացակարգերն ավարտելու գործում:

Տպել էջը