Խորհրդաժողով Ստրասբուրգում
09 նոյեմբերի, 2013Նոյեմբերի 7-9-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ «Ո՛չ ատելություն սերմանող առցանց ելույթներին» շարժման ամփոփիչ խորհրդաժողովը, որը պաշտոնապես բացեցին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ Նախարարների պատվիրակների նախագահ Արմեն Պապիկյանը եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին:
Դիմելով ներկաներին Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի Նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից` Արմեն Պապիկյանն անդրադարձավ ատելության դեմ պայքարին ուղղված ԵԽ կողմից ձեռնարկված միջոցառումներին` մասնավորապես կարեւորելով ատելություն սերմանող ելույթների առցանց դեմ պայքարի երիտասարդական շարժումը եւ հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը հետեւողականորեն սատարել այդ շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
Դեսպան Պապիկյանը ողջունեց նաեւ ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կողմից նախաձեռնած այս ծրագիրը, որն ընդգրկվել է ԵԽ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շարքում` դրանով իսկ նպաստելով երիտասարդական այս ծրագրի քաղաքական տեսանելիության բարձրացմանը: Այդ նպատակով նաեւ ԵԽ-ում ՀՀ Նախագահության շրջանակներում անցկացված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովն առանձնահատուկ կարեւորեց այս շարժումը` խրախուսելով շարժման տարածումը Եվրոպայի ողջ տարածքում: