Հայկական կենտրոն Հոնկոնգում

09 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 9-ին Հոնկոնգում տեղի ունեցավ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա էր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով օծեց կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եւ վեմ քարը եւ իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքվածներին: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով, կարեւորելով հայկական կենտրոնի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին միավորելու եւ Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:

Հաջորդ օրը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց Սուրբ պատարագ: Ապա Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդաց դասախոսություն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առեւտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը եւ հայտնեց, որ այսուհետ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ը կգործի նաեւ Չինաստանում եւ ողջ տարածաշրջանում:

Այնուհետեւ տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի՝ «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը եւ կառուցվածքը, ապա ընտրվեցին ղեկավար մարմինները՝ նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Հենրի Արսլանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Չինաստանի Պեկին, Շանհայ եւ Գուանջոու քաղաքներ: Պեկինում Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի ունեցավ Հայաստանի վարպետների կողմից պատրաստված եւ ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:

Տպել էջը