Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

03 հոկտեմբերի, 2013

Հոկտեմբերի 3-ին Աշխաբադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիեւի գլխավորությամբ Հայաստանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին խորհրդակցություններ:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, հումանիտար համագործակցության խորացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

Քննարկվեց 2012թ. Թուրքմենստանի Նախագահ Գ.Բերդիմուհամեդովի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Արծարծվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպում ունեցավ Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:

Տպել էջը