ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սան Պաուլոյում
21 սեպտեմբերի, 2013Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյի «Սոֆիզա» բանկի մեծ սրահում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Բրազիլիայի դաշնային եւ նահանգային խորհրդարանների անդամներ, քաղաքապետարանի, դիվանագետներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Պատվավոր հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, լրագրողներ:
Նահանգային կառավարության զինվորական նվագախումբը կատարեց Հայաստանի եւ Բրազիլիայի պետական օրհներգերը եւ սրահ բերվեցին երկու երկրների պետական դրոշները: Ելույթներով հանդես եկան հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, քաղաքային կառավարության անդամ Ֆրանսիսկո Բոսկոլոն: Ելույթ ունեցողներն ընդգծեցին Անկախության դերը` որպես ազգային վերածննդի կարեւորագույն գործոն, նշեցին Հայաստանի ձեռքբերումներն անցած 22 տարիների ընթացքում:
Գեղարվեստական բաժնում հայկական պարարվեստը ներկայացրեց Տիրուհի Բուրմայանի հովանավորությամբ վերջերս ստեղծված բրազիլական «Էրեբունի» պարային խումբը, ցուցադրվեց Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալկմինի կողմից միջոցառմանը հատուկ տրամադրված լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաեւ` Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ: