ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թեհրանում

21 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ եւ Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամներ:

Հանդիսությանը մասնակցում էր նաեւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:

Բացման խոսքով հանդես եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո ներկայացվեցին ազգային եւ ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ:

Մինչ այդ, սեպտեմբերի 20-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում` Ս. պատարագի ընթացքում, նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի` կատարվեց Հանրապետական եւ գոհաբանական մաղթանք՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնման 22-րդ տարեդարձի առիթով:

Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնվեց Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը: Արարողության ավարտին երգեցիկ խմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը:

Արարողությանը ներկա էին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը եւ դեսպանության անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատության ու օրաթերթի, ինչպես նաեւ ազգային-հասարակական ու մշակութային միությունների ներկայացուցիչներ:

Տպել էջը