ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Նորվեգիայի Կրագերո քաղաքում

21 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 21-ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացվեց միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության եւ Կրագերոյի քաղաքապետարանի կողմից` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակին:

Միջոցառումը սկսվեց Կրագերոյի եկեղեցում, ուր տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` հանրահայտ երաժիշտներ Կոպենհագենի Ռադիոյի եւ հեռուստատեսության P2 երաժշտական մրցանակի մրցանակակիր, հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի եւ «Ստատ Օյլ» մրցանակի մրցանակակիր, Ստավանգերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, նորվեգացի դաշնակահար Քրիստիան Իհլե Հադլանդի մասնակցությամբ: Նրանք կատարեցին Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Ֆրեդերիկ Շոպենի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Ռախմանինովի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը եւ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Դեսպանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Կրագերոն հատուկ մի վայր է, որը խորհրդանշում է հայ-նորվեգական հարաբերությունները եւ նոր հնարավորություններ է խոստանում ապագայի համար: Մենք այստեղ ենք նաեւ մեր երախտիքի խոսքը հղելու Կրագերոյի ձեր հայրենակից եւ հայազգի նվիրյալ Բյոդիլ Բյորնին: Կարծում եմ, որ նրա երազանքը կլիներ տեսնել այս ուրախությունը: Նա փառաբանված է երկնքում` տեսնելով, որ իր սիրած երկու ժողովուրդները` նորվեգացիներն ու հայերը, միասին նշում են Հայաստանի անկախության տոնը»:

Համերգից հետո միջոցառումը շարունակվեց Կրագերոյի Գեղարվեստի դպրոցում, որտեղ ցուցադրվեց դանիացի ճարտարապետ Բյորն Յորգենսենի «Հայկական եկեղեցին Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում» խորագրով լուսանկարների հարուստ հավաքածուն` ներկայացնելով հայկական եկեղեցիների ճարտարապետությունը:

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ տոնական ընդունելություն բազմաթիվ նորվեգացի եւ հայ հրավիրյալների մասնակցությամբ:

Հարկ է նշել, որ այս տարի մեր երկրի անկախության տարեդարձը Կրագերոյում տոնելը պատահականորեն չէր ընտրված. այստեղ է ծնվել նորվեգացի մեծ մարդասեր եւ միսիոներուհի Բոդիլ Բյորնը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկել ու խնամել է հայրուրավոր անօթեւան մնացած երեխաների ու կանանց եւ արժեքավոր վկայություններ թողել այդ մասին: 2006թ. Կրագերոյի քաղաքային խորհուրդն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Նախքան միջոցառումը սկսելը, ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը ծաղկեպսակ դրեց Բոդիլ Բյորնի հուշաքարին, որին ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Կյարե Պրեբեն Հեդլանդը, Վերգոշայի քաղաքապետ Շեթիլ Տյորփը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Մաադս Հենրիկ Լանգաարդ Լյունդը, Բոդիլ Բյորնի թոռը` Յուսի Բյորնը, Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ նորվեգացիներ:

Տպել էջը