Դեսպան Կիրակոսյանի հանդիպումները
13 օգոստոսի, 2013Օգոստոսի 13-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության (ԱԶՀԳ) նորանշանակ գործադիր տնօրեն դոկտոր Մարտին Լեդոլտերի հետ:
Դեսպան Կիրակոսյանը ողջունեց պարոն Լեդոլտերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ: Կողմերն անդրադարձան Հայաստանի հետ իրականացվող եւ նախատեսվող համագործակցության ծրագրերին եւ երկուստեք կարեւորեցին Հայաստանում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը:
Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանում իրականացվող եւ նախատեսվող նախագծերին ու ծրագրերին՝ դոկտոր Լեդոլտերին հայտնեց, որ Հայաստանին ի օժանդակություն հատկացված ԱԶՀԳ դրամագլուխը միտում ունի առաջիկայում աճելու: Նշվեց նաեւ, որ Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին եւ 2014 թվականին իր մասնակցությունն է բերելու ծրագրի 2-րդ փուլին:
Տեղեկանք: ԱԶՀԳ-ն UNDP-ի եւ FAO-ի հետ համատեղ մասնակցում է Հայաստանի գյուղատնտեսական հաշվառման ծրագրերին: 20132թ. սեպտեմբերին գործակալությունը իրականացնելու է պիլոտային ծրագիր Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական հաշվառման նպատակով՝ ի նախապատրաստում 2014 թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման: ԱԶՀԳ-ն նաեւ աշխատանքային քննարկումներ է կազմակերպում Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, արդիականացման, մասնավոր գործարարության ու ձեռնարկատիրության խթանման նպատակով: Նրա գործունեության կենտրոնում են նաեւ առողջապահության, մասնավորապես՝ առողջության վերահսկողության, բժշկական օժանդակության, ընտանի կենդանիների առողջության ծրագրերը, ինչպես նաեւ տարածքային կառավարման կատարելագործման եւ ապակենտրոնացման քաղաքականության խնդիրները:
***
Օգոստոսի 14-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ, ով հունիսի 24-ին ընտրվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն` 4 տարի ժամկետով:
Դեսպան Կիրակոսյանը պարոն Լի Յոնգին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը` գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ՀՀ կառավարության անունից հրավիրեց այցելել Հայաստան: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ՀՀ ներկա համագործակցությունը՝ դեսպան Կիրակոսյանը անդրադարձավ կատարված եւ ընթացիկ ծրագրերին եւ շեշտեց այդ ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերության զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի շնորհավորական նամակի եւ Հայաստան այցելելու հրավերի համար՝ գլխավոր տնօրեն Լի Յոնգը գոհունակությամբ ընդգծեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առջեւ ՀՀ կառավարության հանձնառությունների կատարման ընթացքը: