Դեսպան Սարգսյանի հանդիպումը Վիետնամի նախագահի հետ
06 օգոստոսի, 2013Օգսոստոսի 6-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը՝ Պեկին) դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց ՎՍՀ Նախագահ Չիոնգ Թան Շանգը:
Վիետնամի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Սարգսյանին նրա կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Նա համոզմունք արտահայտեց, որ մոտ ժամանակներս Վիետնամում Հայաստանի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: Չիոնգ Թան Շանգը նշեց նաև, որ 2012թ. հունիսին ՀՀ Նախագահի՝ Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նա ծրագրում է գալիք տարի այցելել Հայաստան:
Դեսպան Սարգսյանը ՎՍՀ Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն ու Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում Վիետնամի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և ընդգծեց, որ Հանոյում Հայաստանի դեսպանութան հիմնումը կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: