Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում
13 հունիսի, 2013Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող:
14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնելու մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ: Էսսե, վիդեո, լուսանկարչություն եւ գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին հայ մասնակիցը ներկայացել էր «My Fairy Tale» տեսահոլովակով:
Մհեր Ղալումյանի աշխատանքի ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների հայկական ֆեդերացիայի նախագահ Մհեր Գաբրիելյանի համագործակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է ներկայացված աշխատանքները` հաշվի առնելով հեղինակների անհատական եւ ստեղծագործական մոտեցումները խաղաղության մշակույթի արժեքները բացահայտելու գործում:
Տեղեկանք: Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթը անցկացվեց Հանուն խաղաղության մշակույթի եւ ընդդեմ բռնության խորագրով գործողությունների ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ համաժողովի կողմից: