Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Չեխիայում

01 հունիսի, 2013

Հունիսի 1-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվեց մայիսյան հաղթանակներին եւ Հանրապետության տոնին նվիրված միջոցառում:

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպանության եւ Չեխիայի հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառման ներկաների թվում էին նաև Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, երկրի հայ եւ եզդի համայնքների ներկայացուցիչներ:

Ողջույնի իր խոսքում Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն անդրաձարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերին, Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծմանը, ինչպես նաեւ այդ իրադարձությունների պատմական նշանակությանը: Սեյրանյանը ներկաների ուշադրությունը հատուկ հրավիրեց հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ հայոց հոգեւոր եւ մշակութային կենտրոն, հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը: «Մայիսյան մեր դարակազմիկ հաղթանակների տրամաբանությունը մեզ հուշում է, որ մեր ազգի ապագայի անվտանգության եւ բարեկեցության երաշխիքը մեր միասնականության մեջ է։

Միասնությունն է նաեւ Չեխիայի հայ համայնքի կազմակերպման եւ զարգացման միակ պայմանը», - նշեց դեսպանը։

Այնուհետեւ երեկոյի մասնակիցներին ներկայացվեցին Առաջին հանրապետության ստեղծման ժամանակաշրջանին նվիրված վավերագրական տեսանյութ, ինչպես նաեւ չեխ կինոռեժիսոր եւ սցենարիստ Մարտին Մահդալի՝ Երեւանին նվիրված կարճամետրաժ ֆիլմը: Տեղի ունեցան նաեւ երաժշտական կատարումներ:

Տպել էջը