Դեսպան Հովհաննես Մանուկյանի այցելությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետություն
15 մայիսի, 2013Մայիսի 14-ին եւ 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցով եղավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում:
Այցելության առաջին օրը Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը եւ Բաթումիի Սբ. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքային կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ, աջարահայության սոցիալ-տնտեսական վիճակին եւ հոգեւոր-մշակութային կյանքին առնչվող հարցեր: Ներկաներն իրենց առաջարկներն ու տեսլականը ներկայացրին համայնքային կյանքի աշխուժացման եւ համայնքային բոլոր կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Հատուկ առանձնացվեց եկեղեցու կարեւոր դերը համայնքի հոգեւոր-մշակութային կյանքում:
Մայիսի 15-ին կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, որին մասնակցեց նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը:
Դեսպան Մանուկյանը շնորհավորեց Աջարիայի կառավարության ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ինքնավար հանրապետության ղեկավարության հետ համագործակցության խորացման հույս հայտնեց:
Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում` զբոսաշրջային ոլորտում համագործակցությանը, Աջարիայի ԻՀ եւ Հայաստանի Լոռվա մարզի, ինչպես նաեւ փոխադարձաբար չորս քույր քաղաքների գործակցության աշխուժացմանը, հայ համայնքի առանձին խնդիրների լուծմանը Աջարիայի կառավարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր:
Դեսպան Մանուկյանը եւ Աջարիայի ԻՀ կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն պատրաստակամություն հայտնեցին շարունակել հետագա համագործակցությունը քննարկված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու եւ բազմաոլորտ շփումներն առավել խորացնելու ուղղությամբ: