Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավարի հետ
29 ապրիլի, 2013Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշեց, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:
Դեսպանները զրուցեցին Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ եւ դրականորեն արձանագրեցին Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու եւ այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվեցին նաեւ Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաեւ` Կանադայի հոգեւոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր:
Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրեց արտերկրում հայկական հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծեց հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը եւ նմանատիպ բարբարոսությունները պատժելու եւ կանխելու հրատապությունը:
Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների եւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում: