Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավարին

12 մարտի, 2013

Մարտի 12-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավար դեսպան Ստեֆանո Ռոնկային` համաձայն Իտալիայի արարողակարգի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայի հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին` ընդգծելով դրանց ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը բոլոր ոլորտներում:

Քննարկվեց նաեւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Այս կապակցությամբ դեսպան Ղազարյանն ընդգծեց Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը եւ Հայաստանի` համաեվրոպական արժեհամակարգին պատկանելիության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ դեսպանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում համագործակցության, կայունության եւ անվտանգության գերակայության հարցում:

Պրն.Ռոնկայի խնդրանքով դեսպան Ղազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով, որ Հայաստանը ջատագով է խնդրի խաղաղ կարգավորմանը եւ որ ՀՀ դիրքորոշումը լիովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը:

Տպել էջը