Հայ-վրացական քաղաքական խորհրդակցություններ Թբիլիսիում

31 հունվարի, 2013

Հունվարի 31-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի գլխավորությամբ ընթացող խորհրդակցությունների ժամանակ կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին, մասնավորապես երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության և սահմանազատման և սահմանագծման խնդիրներին:

Միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկումներ կայացան նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի, ԵՄ հետ հարաբերությունների և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Կողմերը կարևորեցին միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացումն ու շարունակական խորացումը` որպես երկու երկրների արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություն:

Խորհրդակցություններին մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Տպել էջը