Դեսպան Կիրակոսյանի այցը Ֆորարլբերգ երկրամաս

28 հունվարի, 2013

Հունվարի 28-ին Ավստրիայի Հանրապետության Ֆորարլբերգ երկրամաս էր այցելել դեսպան Արման Կիրակոսյանը: ՀՀ դեսպանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ երկրամասի վարչապետ Մարկուս Վալների, երկրամասային խորհրդարանի նախագահ Գաբրիելե Նուսբաումերի, երկրամասի մայրաքաղաք Բրեգենցի քաղաքապետ Մարկուս Լինհարտի հետ:

Ֆորարլբերգի վարչապետ Մարկուս Վալների հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Ֆորարլբերգ գործընկերության շրջանակներում ընթացքի մեջ գտնվող համագործակցության շարունակականության ապահովման և զարգացման խնդիրները, մասնավորապես` առևտրատնտեսական համագործակցություն, զբոսաշրջություն, մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով փոխադարձ ճանաչողության խորացում, Ֆելդկիրխի քաղաքային հիվանդանոցում հայ մասնագետների վերապատրաստում: Քննարկվեց Ֆորարլբերգում և Հայաստանի մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, ավստրիացի և հայ գեղանկարիչների ցուցահանդեսների, համերգային և մարզական միջոցառումների կազմակերպման հարցը: Քննարկվեցին նաև Բոդենզե լճի առնչությամբ ավստրիական փորձի հիման վրա Սևանա լճի բնապահպանական խնդիրներին Ֆորարլբերգի մասնագիտական շրջանների կողմից օժանդակության ցուցաբերման հնարավորությունները:

Նույն օրը դեսպան Ա. Կիրակոսյանը զրույց ունեցավ Ֆորարլբերգի երկրամասային խորհրդարանի` Լանդթագի նախագահ Գաբրիելե Նուսբաումերի հետ: Քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության, Հայաստան-Ֆորարլբերգ գործընկերության հետագա խորացման, մշակութային, մարզական կապերի խթանման, Ավստրիա-Հայաստան միջտարածաշրջանային հարաբերությունների խորացման խնդիրները:

Դեսպան Ա. Կիրակոսյանը զրույց ունեցավ նաև երկրամասի մայրաքաղաք Բրեգենցի քաղաքապետ Մարկուս Լինհարտի հետ: Քննարկվեցին Հայաստանի համայնքային կառույցների հետ համագործակցության, ինչպես նաև Բրեգենցի ամենամյա ամառային երաժշտաթատերական միջազգային փառատոնին հայաստանյան մշակութային գործիչների և համույթների մասնակցության հնարավորությունները:

ՀՀ դեսպանը Ֆորարլբերգ երկրամասի Ֆելդկիրխ քաղաքում հանդիպում ունեցավ ԿԱՐԻՏԱՍ-ի տնօրեն Պետեր Քլինգերի, Լիխտենշթայնի դքսության կառավարության հետ համատեղ Հայաստանում իրականացվող «Միգրացիա և զարգացում» ծրագրի պատասխանատու Մարտին Հագլայտներ-Հուբերի հետ: Քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև կազմակերպության կողմից 2014թ. Գյումրիում կառուցվելիք Անդամալույծ երեխաների և երիտասարդների վերականգնողական կենտրոնի նախագծին առնչվող խնդիրները:

Տպել էջը