Դեսպան Մանուկյանի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Դեմչենկոյի հետ
28 հունվարի, 2013Հունվարի 28-ին` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հանդիպեց, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Դեմչենկոյի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին և ամփոփվեցին 2012թ. հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների բնագավառում կատարված աշխատանքները, ինչպես նաև 2013թ. նախատեսված միջոցառումների նախապատրաստման և անցկացման հարցեր:
Մասնավորապես ուշադրություն դարձվեց առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման և այդ կապակցությամբ 2013թ. Կիևում կայանալիք հայ-ուկրաինական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման ու անցկացման հարցին:
Հումանիտար բնագավառում կարևորվեց մշակութային համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը, որի աշխատանքները գտնվում են համաձայնեցման փուլում:
Հանդիպման ժամանակ ՀՀ դեսպանը Դեմչենկոյին ծանոթացրեց Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին, վերահաստատեց ուկրաինական դիտորդների մասնակցության հրավերը` կարևորելով միջազգային դիտորդների մասնակցությունը ընտրական գործընթացներին:
Կողմերը քննարկեցին նաև ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակաշրջանում արդյունավետ համագործակցության և որպես նախագահող երկիր` ԱԳ նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: