Դեսպան Արա Այվազյանի հանդիպումը Լիտվայի մշակույթի նախարար Շարունաս Բիրուտիսի հետ
28 հունվարի, 2013Հունվարի 28-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի մշակույթի նորանշանակ նախարար Շարունաս Բիրուտիսի հետ:
Կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացման հեռանկարները: Կարևորելով 2012թ. հունվարին Վիլնյուսում ստորագրված ՀՀ և ԼՀ կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, կողմերը պայմանավորվել են առաջիկայում իրականացնել բարձր մակարդակի փոխայցելություններ և ձեռնարկել միջոցառումների կազմակերպումը 2013թ. ընթացքում: Զրուցակիցները անդրադարձել են նաև 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահությանը և նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթաժողովի շրջանակներում մշակութային դիվանագիտության դերի կարևորությանը: Նախարար Բիրուտիսը և դեսպան Այվազյանը մտքեր են փոխանակել Լիտվայի մշակույթի նախարարությանը կից գործող Ազգային համայնքների խորհրդի գործունեության վերաբերյալ: Լիտվայի մշակույթի նախարարը բարձր է գնահատել 2012թ. սեպտեմբերին Լիտվայի խորհրդարանի անդամների, հասարակական, մշակույթի, արվեստի ու սպորտի ականավոր գործիչների և հայ համայնքի նախաձեռնությամբ Լիտվա-Հայաստան Ֆորումի ստեղծումը` իբրև մշակութային և հանրային դիվանագիտության կարևոր դերակատար: