Վրաստանի հայազգի նկարիչների կատալոգի շնորհանդես Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում
28 հունվարի, 2013Հունվարի 28-ին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության դահլիճում տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակված «Վրաստանի հայ նկարիչները Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից» նկարազարդ կատալոգի շնորհանդեսը:
Հրատարակությունը նվիրված էր 19-20-րդ դարերում Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում ապրած և ստեղծագործած հայկական ծագում ունեցող անվանի նկարիչների բազմաժանր աշխատանքներին, որոնք այսօր պահվում են Վրաստանի տարբեր թանգարաններում և կոլեկցիոներների հավաքածուներում:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության առաջին փոխնախարար Մարինա Միզանդարին, որը բարձր գնահատելով թիֆլիսահայ նկարիչների անգնահատելի ավանդը Վրաստանի մշակութային կյանքում` կարևորեց նման նախաձեռնությունների արդյունավետությունը մշակութային համագործակցության տեսանկյունից:
Միջոցառմանն առանձին ելույթով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, որը մասնավորապես նշեց. «Թիֆլիսյան դրոշմը կա մեր գրականության և թատրոնի, գեղարվեստական ողջ մտածողության վրա, սակայն, այս ամենի հետ մեկտեղ եզակի երևույթ է տարբեր ժամանակաշրջաններում Թբիլիսիում լայն գործունեություն ծավալած հայ անվանի նկարիչների ստեղծագործությունը` ֆենոմեն հռչակված հայ գեղանկարչության թբիլիսյան դպրոցը»: Ըստ դեսպան Մանուկյանի. «Հակոբ Հովնաթանյանից մինչև Գայանե Խաչատրյան. դրվագներ մեծ պատմությունից» անդրանիկ ցուցահանդեսը փորձ է թե՛ մեր երկրների, թե՛ ամբողջ աշխարհի արվեստի սիրահարներին ներկայացնել Վրաստանի հայ կերպարվեստի վարպետներին` ստեղծագործական ուրույն ձեռագրով, տարբեր գեղարվեստական որակներով, էքսպրեսիվ արտահայտչականությամբ և ներգործության ուժով»:
Հանդիսությանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: