Հայկական բանակի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

28 հունվարի, 2013

Սանկտ-Պետերբուրգ

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 21-րդ տարեդարձը:

Հայ բանակի ստեղծման տոնին նվիրված ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Հարություն եկեղեցում և պսակադրության արարողություն գեներալ լեյտենանտ Քրիստոփոր Իվանյանի գերեզմանին:

Այնուհետև տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ընդունելություն, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, ՌԴ Հերոսներ` Ռուսաստանի Սովետական միության հերոսների ասոցիացիայի նախագահ, գեներալ մայոր Գ.Ֆոմենկոն, ավիացիայի փոխգնդապետ Վ.Չուխվանցևը, ՀՀ բանակի փոխգնդապետ Գ.Ասրյանը, գնդապետ Մ.Սականյանը և հայ համայնքի գործիչներ:

Հայոց բանակի 21 ամյակի առթիվ ՀՀ բանակի չորս սպաներ պարգևատրվեցին Ամբասիր ծառայության համար մեդալներով:

Թեհրան

Հունվարի 28-ին Թեհրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ Հայկական բանակի ստեղծման 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի և զինված ուժերի ներկայացուցիչներ, Իրանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Միջոցառմանը ներկա էին նաև Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ առաջնորդները, ինչպես նաև իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամները:

Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգերի կատարմանը հաջորդած Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի՝ հանդիսության բացումն ազդարարող խոսքից հետո, օրվա առիթով ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանը:

Վերջում շնորհավորական մաղթանքով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նախկին ռազմական կցորդ, բրիգադային գեներալ Մաջիդ Ալի Աքբար Վալիդադը:

Աթենք

Հունվարի 28-ին Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կայացավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ, Ռազմածովային Ուժերի փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կոնստանտինոս Գինիսը, Հունական նավատորմի հրամանատար, փոխծովակալ Կոնստանտինոս Մազարակիս-Էնյանը, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Արիստիդիս Կալոգերոպուլոսը, հայ-հունական բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների խմբով, հունահայ և հունական ազգային-քաղաքական, հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Պաշտոնական հյուրերը զինվորական պատիվներով ընդունվեցին Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտների, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության արի-արենույշների խմբերի կողմից:

ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը ԱՊ ԳՇ պետին հանձնվեց պատվո հուշատախտակ: Իր ելույթում գեներալ Կոստարակոսն ընդգծեց, թե հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման պետք է զարգանա և ամրապնդվի` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների:

Այնուհետև կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած ներքոհիշյալ բարձրաստիճան հույն սպաների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալով.

  • գեներալ-մայոր Իլիաս Լեոնտարիս, Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ,
  • գեներալ-մայոր Ալեքսանդրոս Իկոնոմու, Ցամաքային Զորքերի Գլխավոր Շտաբի գլխավոր վարչության պետ,
  • բրիգադի գեներալ Պանայոտիս Կապերոնիս, Աթենքի Ռազմական թանգարանի տնօրեն,
  • բրիգադի գեներալ Էվանգելոս Կոնստաս, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ,
  • բրիգադի գեներալ Արիստիդիս Կորեաս, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի ռազմական կրթության վարչության պետ,
  • բրիգադի գեներալ Կոնստանտինոս Պաղուրոպուլոս, Մարտական ապահովման սպաների ռազմական դպրոցի (Սալոնիկ) պետ,
  • բրիգադի գեներալ Խրիստոս Կարյոտիս, Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետի տեղակալ:

Միջոցառման տեսագրությունը կարող եք գտնել հետևյալ հասցեով`

http://youtu.be/MxC7I1dTf9M

Տպել էջը