Ընդունելություն Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում
25 հունվարի, 2013Հունվարի 25-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունում կայացավ տարեսկզբի ընդունելություն, որի ընթացքում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հյուրերին ներկայացրեց իր 2013 թվականի ուղերձը: Երեկոյին ներկա էին բազմաթիվ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ազդեցիկ համայնքային գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ և այլոք:
ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց 2012 թվականին հայ-ֆրանսիական հարաբերություններում ձեռքբերումները և 2013 թվականի համար նախանշված ծրագրերը` առանձնահատուկ նշելով հայ համայնքի մեծ ներդրումը երկու երկրների բարեկամության էլ ավելի ամրապնդման գործում:
Խոսելով նախորդ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններում զարգացումների մասին, դեսպան Չիտեչյանը հիշատակեց այն փաստը, որ 2012 թվականին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բոլոր պաշտոնական մակարդակներով կայացել են երկկողմ բազմաբովանդակ հանդիպումներ, շարունակվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ պարբերական փոխշփումները: Դեսպանը նշեց նաև տարվա ընթացքում կատարված աշխատանքները` տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
ՀՀ դեսպանը հատուկ շեշտեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախատեսվող միջոցառումների կարևորությունը, ինչպես նաև հայտնեց դեսպանության` ֆրանսահայ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր մշակելու և իրագործելու պատրաստակամությունը:
Երեկոյի ընթացքում Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության փոխնախագահ Գրիգոր Ջիրջիրյանը պարգևատրվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հուշամեդալով: