Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալ-Ռաշեդի հետ

15 հունվարի, 2013

Հունվարի 15-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Ֆադեյ Չարչօղլյանը Ալի Ռաշեդին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը մեծապես կարող է նպաստել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ աշխատանքների հետագա խթանմանն ու իրատեսական արդյունքների արձանագրմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ կապերի հետագա առաջխաղացմանը: Ալի Ռաշեդը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կվերաձեւավորվի Քուվեյթ – Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը:

Հանդիպման ընթացքում պարոն Ալ-Ռաշեդը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների խորացման գործում իր անձնական ներդրման մասին:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստանի եւ Քուվեյթի օրենսդիր մարմինների միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակման հնարավորությունները:

Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդին է փոխանցվել ՀՀ ԱԺ նախագահի Հայաստան այցելության հրավերը: Կարեւորելով Հայաստան այցելությունը, ՔՊ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն պատրաստ է իրականացնել մոտ ապագայում` Հայաստանի պատմամշակութային արժեքներին եւ տնտեսական հնարավորություններին ծանոթանալու, ինչպես նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության հարցեր քննարկելու նպատակով:

Տպել էջը