Դեսպան Մանուկյանի այցելությունը Սուխումիի Պետական Համալսարան
24 դեկտեմբերի, 2012Դեկտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Թբիլիսիում գործող Սուխումիի Պետական Համալսարան: Այցի ընթացքում նախատեսված էր հանդիպում դասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ համալսարանում «Հայաստանի անկյան» բացում: Համալսարանի ռեկտոր Ջոնի Ափակիձեի հետ կարճատեւ առանձնազրույցից հետո համալսարանի գրադարանում կայացավ Հայաստանին նվիրված անկյան հանդիսավոր բացումը: Դեսպանությունը նախապես գրադարանին էր նվիրել Հայաստանին եւ հայությանն առնչվող բազմաբնույթ թեմատիկայով մի քանի տասնյակ գրքեր` հայերեն, վրացերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Մեծ Եղեռնին նվիրված ուսումնասիրություններ, հայ գրական երկեր, բառարաններ եւ այլ գրականություն: Հանձնելով նաեւ իր հետ բերած հուշանվերները` ՀՀ դեսպանը նշեց, որ գրքերը կօգնեն համալսարանի ուսանողներին ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին, ծանոթանալ նրա պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին, հայությանը հուզող հիմնախնդիրներին:
Այնուհետեւ տեղի ունեցավ դեսպան Մանուկյանի հանդիպումը համալսարանի դասախոսների եւ ուսանողության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ունկնդիրներին ներկայացվեց հակիրճ ակնարկ հայ ժողովրդի պատմությունից եւ ցուցադրվեց մոտ քսան րոպե տեւողությամբ վավերագրական տեսաժապավեն հայկական բնաշխարհի եւ Հայաստանի գեղատեսիլ վայրերի մասին:
Ֆիլմի ավարտին ՀՀ դեսպանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների, մասնավորապես` հայ-վրացական միջպետական հարաբերությունների մասին դասախոսությամբ: Անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերությունների առանձին կարեւորագույն հարցերին` դեսպան Մանուկյանը կարեւորեց Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրների լուծումը եւ համայնքի ինտեգրումը Վրաստանի հասարակական, մշակութային եւ տնտեսական կյանքում: Այնուհետեւ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց առանձին դասախոսների եւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի կրթական համակարգի առանձնահատկություններին, կրթության մակարդակին եւ Հայաստանի ու Վրաստանի բուհերի ուսանողների փոխանակման հնարավորություններին: ՀՀ դեսպանը, մանրամասն պատասխանելով արված հարցադրումներին, համալսարանի ղեկավարությանն առաջարկեց համագործակցություն հաստատել հայաստանյան բուհերի հետ` խոստանալով իր աջակցությունն այդ հարցում: Դասախոսական կազմի անդամները դեսպանին հարցեր հղեցին Հայաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերությունների ներկա մակարդակի եւ հեռանկարների մասին:
Հայաստանի դեսպանը կարծիք հայտնեց այն մասին, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները շարունակվելու են ամրապնդվել եւ խորանալ անկախ մեր երկրներում տեղի ունեցող եւ ունենալիք քաղաքական վերադասավորումներից, ինչը հետեւանք է մեր բազմադարյա բարեկամության, միասնական քրիստոնեական արժեքներին դավանելու եւ տարածաշրջանում մեր սեփական շահերի համադրելիության: