Դեսպան Քոչարյանի այցը լիբանանահայ համայնքային հաստատություններ
23 դեկտեմբերի, 2012Դեկտեմբերի 21-ին եւ 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեց Բեյրութի CAHL (Center for Armenian Handicapped of Lebanon) հաստատության հայ ծերերի տուն, նույն հաստատության մանուկների հատուկ դպրոց, Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր թերաճ հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն, ինչպես նաեւ Ջբեյլի «Թռչնոց բույն» մանուկների հաստատություն:
Դեսպան Քոչարյանը հաստատությունների ղեկավարներին եւ սաներին փոխանցեց ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ջերմ ողջույնները եւ դրամական նվիրատվությունը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետեւ դեսպան Քոչարյանը ընթերցեց ՀՀ Առաջին տիկնոջ շնորհավորական ուղերձները, որոնք ընդունվեցին մեծ ոգեւորվածությամբ եւ երախտագիտությամբ: «Թռչնոց բույն»-ում, ուր խորը տպավորությամբ հիշում էին ՀՀ Առաջին տիկնոջ նոյեմբերի վերջին տեղի ունեցած այցելությունը, kազմակերպվեց համերգ` երեխաների կատարմամբ:
Հաստատությունների ղեկավարներն ու խնամակալներն իրենց խորին շնորհակալությունն հայտնեցին ՀՀ Նախագահին եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ շարունակական հոգատարության եւ ուշադրության համար, ինչպես նաեւ խնդրեցին փոխանցել ջերմագույն բարեմաղթանքներ գալիք տոների կապակցությամբ:
Դեսպանի հանդիպումներին ներկա էր Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը: