Հայաստանը նախագահել է «ՄԱԿ եւ մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության ընդլայնում» թեմայով սեմինարի աշխատանքային քննարկումը

13 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պատվիրակությունը Ժնեւում ՄԱԿ գրասենյակում «ՄԱԿ եւ մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության ընդլայնում» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում նախագահեց «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների դերը կանանց իրավունքների պաշտպանմանն ուղղված համատեղ գործողություններում» քննարկումը:

Սեմինարը կազմակերպվել էր Մարդու իրավունքների խորհրդի հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող Բելգիայի (արեւմտաեվրոպական խումբ), Հայաստանի (արեւելաեվրոպական խումբ), Թայլանդի (Ասիական խումբ), Մեքսիկայի (Լատինամերիկյան խումբ) եւ Սենեգալի (Աֆրիկայի խումբ) համատեղ համահեղինակած բանաձեւի շրջանակներում:

Իր բացման խոսքում ՀՀ ներակայացուցիչը նշեց, որ կանանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների խորհրդի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական եւ առաջնային նշանակության թեմաներից է` կարեւորելով հասարակական կազմակերպությունների եւ ազգային հաստատությունների դերը կանանց իրավունքերի պաշտպանության հարցում, ինչպես նաեւ ընդգծելով դրանց ու ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

Սեմինարին մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, պայմանագրային մարմինների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ:

Սեմինարի երեք օրերի ընթացքում թեմատիկ քննարկումները նվիրված էին ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության երեք ուղղությունների` տեղեկատվության փոխանակման, համատեղ գործունեության եւ նախկին հանձնառությունների կատարման համար կոնկրետ առաջարկությունների մշակմանը:

Տպել էջը