Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

07 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցում անցկացվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ: Պատարագներ անցկացվեցին նաեւ տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիներում:

Պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանյան թեմի, հայ համայնքի, հայ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անհատների կողմից:

Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի Ակադեմիական կապելայի դահլիճում կայացավ համերգ` նվիրված Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցին:

Ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը եւ Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Ս. Չոփուրյանը:

Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը Միհրան Աղաջանյանի ղեկավարությամբ կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Տպել էջը