Կյանքից վաղաժամ հեռացավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը

06 դեկտեմբերի, 2012

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ դեկտեմբերի
6-ին կյանքից վաղաժամ հեռացավ անվանի դիվանագետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը։

Կարինե Ղազինյանը (Կրոյանը) ծնվել է 1955թ. հունվարի 8-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:

1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացները:

1977 - 1981թթ. – աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում
1981 – 1983թթ. – դասավանդել է Մոսկվայի թիվ 2 անգլիական վարժարանում
1983 - 1988թթ. – աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում
1992 - 1994թթ. – դասավանդել է Երևանի պետական համալսարանում
1997 - 1999թթ. – Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
1999 - 2001թթ. – Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2001 - 2009թթ. – Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2009թ. մարտից – 2011թ. սեպտեմբեր` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ՀՀ գլխավոր բանակցող:

2011թ. սեպտեմբերի 8-ին նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Կարինե Ղազինյանը ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է Մխիթար Գոշի շքանշանով, Ռումինիայի Նախագահի կողմից` Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Հեռացավ մեզանից աննկարագրելի հարուստ խառնվածքով անզուգական մի դիվանագետ, որի բարությունն ու ազնվությունը օրինակելի է եղել բոլորի համար:

Կարինե Ղազինյանի` արժանապատիվ անհատականությամբ օժտված հմուտ դիվանագետի, անկեղծ և ճշմարիտ մարդու, մեծ հայրենասերի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Տպել էջը