Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները
05 դեկտեմբերի, 2012Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Օմանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Այման Բեն Աբդալլահ Բեն Մուհամմադ Ալ-Հուսեյնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության խթանման եւ խորացման հեռանկարները:
Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ կառույցների միջեւ կապերի հաստատման կարեւորությանն ու հանգամանալի ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկեգործության եւ ադամանդագործության, անշարժ գույքի, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների բնագավառներում արձանագրված առաջընթացը` առաջարկելով աշխատանքներ սկսել վերոհիշյալ ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Լուսաբանվեցին նաեւ Հայաստանի ներդրումային դաշտն ու հնարավորությունները, ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերն ու նախագծերը: Այս կապակցությամբ օմանյան կողմին տեղեկացվեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են լուրջ քննարկումներ սկսել ՕՍ շահագրգիռ կառույցների հետ` փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաեւ ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպում ունեցավ Օմանի Սուլթանության Խորհրդակցական ժողովի (Մաջլիս Ալ-Շուրա) նախագահ Խալեդ Բեն Հիլալ Ալ-Մավալիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ եւ ՕՍ օրենսդիր կառույցների միջեւ հարաբերությունների հաստատման եւ ընդլայնման հնարավորություններին: Դեսպան Չարչօղլյանը վերահաստատեց Օմանի Սուլթանության Խորհրդակցական ժողովի հետ համագործակցության հաստատման ՀՀ Ազգային ժողովի պատրաստակամությունն ու նշեց, որ առաջնային նշանակություն ունի միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձեւավորումը:
Իր հերթին Խալեդ Ալ-Մավալին ներկայացրեց կառույցի դերակատարությունը երկրի օրենսդրական դաշտի կայացման գործում, իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, ապա առաջարկեց քննարկել ՀՀ Ազգային ժողովի եւ ՕՍ Խորհրդակցական ժողովի միջեւ համագործակցության փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը` նշելով, որ այն որակապես նոր հիմքերի վրա կդնի միջխորհրդարանական գործակցության հետագա ընթացքը:
Նույն օրը ՕՍ մշակույթի եւ մշակութային ժառանգության նախարար Սալեմ Ալ-Մահրուկի հետ կայացած հանդիպման ընթացքում շոշափվեցին երկու երկրների միջեւ մշակույթի ոլորտում կապերի հաստատման հեռանկարները: Դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց հայկական մշակույթի առանձնահատկությունները` առաջարկելով քննարկել Օմանում հայկական մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին հնէաբանության, թանգարանների եւ մշակութային այլ կոթողների, հին ձեռագրերի ուսումնասիրման բնագավառներում համագործակցություն ծավալելու նպատակահարմարությունը: Այս կապակցությամբ նախարար Սալեմ Ալ-Մահրուկը նշեց, որ Օմանը հարուստ է հին ձեռագրերի պահպանման եւ վերականգման համապատասխան հաստատություններով, ինչը կարող է բավարար հիմք հանդիսանալ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի հետ կապերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար: Նա նաեւ նշեց, որ ՕՍ մշակույթի եւ մշակութային ժառանգության նախարարությունը պատրաստ է արաբալեզու տարաբնույթ թեմատիկ գրականությամբ ապահովել ՀՀ համապատասխան բուհերին: