Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ

03 դեկտեմբերի, 2012

Դեկտեմբերի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

Շնորհավորելով զրուցակցին Վրաստանի պաշտպանության նախարարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն ձեւավորված բարձր մակարդակը:

Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար: Նշեց, որ պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք հայտնեցին երկու պետությունների միջեւ առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Դեսպան Մանուկյանը նախարար Ալասանիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը եւ Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց նախարարի կողմից:

Տպել էջը