Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի արդարադատության եւ Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նորանշանակ նախարարների հետ

13 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 12–ին եւ 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի եւ Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Վրաստանի արդարադատության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին իրավական տեղեկատվության փոխանակման եւ իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

ՀՀ դեսպանն անդրադարձավ Վրաստանի տարածքում ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման վայրերում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության հարցին:

Դեսպան Մանուկյանը եւ նախարար Ծուլուկիանին քննարկեցին նաեւ օրենսդրական քաղաքականության եւ երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հնարավորության հետ կապված հարցեր:

ՀՀ դեսպանի հետ հանդիպման ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին կարծիք հայտնեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը տնտեսության զարգացման ոլորտում կարեւոր ուղղություններից կարող է լինել, եւ երկու պետությունների միջեւ առկա համագործակցութունը պետք է առավել ընդլայնվի: Նախարարը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Համաձայնվելով տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի եւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության հետ` դեսպան Մանուկյանը, միաժամանակ, կարեւորեց տնտեսական եւ ֆիսկալ օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս ապահովել հայկական ներդրողների իրավունքների պաշտպանվածությունը եւ կնպաստի բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը: Դեսպան Մանուկյանը հավելեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջև առկա է մեծ պոտենցիալ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Մասնավորապես, նշվեց տուրիզմի ոլորտը, որտեղ հեռանկարային եւ արդյունավետ կարող է լինել համատեղ տուրիստական երթուղիների մշակումն ու տուրիստական ենթակառուցվածքների համադրելի զարգացումը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ ավիացոն հաղորդակցության խնդիրներին առնչվող հարցեր, մասնավորապես` Երեւանից Թբիլիսի պարբերական ավիահաղորդակցության վերականգնման հնարավորության հարցը:

Անդրադառնալով վրացական նավահանգիստների եւ երկաթգծի անխափան աշխատանքի հետ կապված Հայաստանի շահագրգռվածությանը` դեսպան Մանուկյանը կարեւորեց դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների բնականոն ընթացքի ապահովման հարցը:

Տպել էջը