ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումները Մինսկում

06 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 6-ին Մինսկում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեի հետ:

Փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում, որին մասնակցեց նաեւ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացման հարցերին: Կարեւորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը` երկուստեք գոհունակություն հայտնվեց նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Ալեքսանդր Միխնեւիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների արդյունքների կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ նոյեմբերի 5-ին կայացած հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ակտիվացման, տարբեր բնագավառներում փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության եւ երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Տպել էջը