Դեսպան Մելիքյանի հանդիպումը Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ
06 նոյեմբերի, 2012Նոյեմբերի 6-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպում ունեցավ ԱՀ փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրություն ներկայացնող հարցեր:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը` կարեւորվեց Արգենտինայի Սենատում եւ Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության խմբերի ակտիվացումը:
Ամադո Բուդուն նշեց, որ տնտեսական բաղադրիչից զատ, մեր երկրների միջեւ լայն հնարավորություններ կան գիտակրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության զարգացման համար: Այդ առնչությամբ առաջնային դիտվեց համալսարանների եւ կրթական հաստատությունների միջև համագործակցությունը:
Դեսպան Մելիքյանը հայտնեց, որ արդեն քննարկման փուլում է գտնվում Բուենոս Այրեսի պետական համալսարանի եւ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի միջեւ համագործակցության մասին հուշագիրը: Միեւնույն ժամանակ, առաջիկայում նախատեսվում է Արգենտինայի գիտության, տեխնոլոգիաների եւ արդյունավետ նորարարության նախարար Խոսե Լինո Բարանյաոյի այցը Հայաստան, որը լուրջ խթան կհանդիսանա գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
ՀՀ դեսպանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահի բարեմաղթանքները, ինչպես նաեւ հրավերը` այցելելու Հայաստան, ինչը սիրով ընդունվեց ԱՀ փոխնախագահի կողմից: