Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Նիդերլանդներում
05 հոկտեմբերի, 2012Հոկտեմբերի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին:
Ընդունելությանը ներկա էին Նիդերլանդներում հավատարմագրված դեսպաններ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրենը, Նիդերլանդների ԱԳՆ և այլ գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հոլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Ներկաներին իր ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` անդրադառնալով անկախության 21 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին: Դեսպան Աղաջանյանն առանձնահատուկ կարևորեց 2012 թվականը` որպես հայ գրատպության 500 ամյակը, Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչպես նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նշող տարի: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցություններն իրենց դրական արդյունքը կտան, այդ թվում նաև` հոլանդական գործընկերների օգնությամբ` նոր հեռանկարներ ու հնարավորություններ բացելով ընդգրկուն համագործակցություն ծավալելու համար: