Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարների հանդիպումը

11 սեպտեմբերի, 2012

Այսօր կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:

Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը և արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:

Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ ընդգծեց, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով և ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրեցին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:

Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը:
Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:

Տպել էջը